ՇՏԱՊ․Հայաստանում ուժեղ երկրաշարժի վտանգ կա՞

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի Սեյսմաբանության և երկրաշարժերի կանխագուշակման լաբորատորիայի ավագ գիտաշխատող Մարիամ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել հնարավոր ուժեղ երկրաշարժերի հետ կապված իր հետազոտությունից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարիամ Մկրտչյանը նշեց, որ Հայաստանում ուժեղ երկրաշարժի վտանգ այս պահին չի տեսնում, սակայն հավելեց, որ եթե ուժեղ երկրաշարժին նախորդող ինչ -որ գործընթաց կա, որը սովորական բնույթ չունի, այլ ունի անոմալ բնույթ, եզրակացություն է արվում, որ կարող է լինել ուժեղ երկրաշարժ:

« Իմ այս հետազոտությունը մի քայլ է դեպի երկրաշարժի կանխագուշակումը, ինչին մենք պետք է հետազոտություններով մոտենանք, որ մի լավ օր էլ կարողանանք կանխագուշակել, բայց կանխագուշակումն էլ օգուտ չունի: Պետք է կարողանալ պաշտպանվել և լավ կառուցել»,-նշեց մասնագետը:

Նա տեղեկացրեց, որ իր հետազոտությունը հետադարձ մոտեցմամբ է ուսումնասիրված: «Վերցրել եմ մի երկրաշարժ, որն արդեն իսկ տեղի է ունեցել, հետ եմ գնացել, ուսումնասիրել դրա սեյսմիկ ֆոնը, դրա համար դա եղել է սպասվող: Սպասվող բառը, որը ներառված է իմ հետազոտության մեջ՝ ներկա ժամանակի համար չի»,-պարզաբանեց նա՝ հավելելով, որ ոչ ոք չի կարող նախօրոք կանխագուշակել երկրաշարժը:

Անդրադառնալով Բավրայի տարածքում անընդհատ գրանցվող ցնցումներին, Մկրտչյանն ասաց, որ չի կարծում, որ Բավրայում ուժեղ երկրաշարժ կլինի, եթե լինի էլ՝ ցածր մագնիտուդով. «Այդ ռեգիոնն անընդհատ ցնցվում է: Տարվա մեջ կարող է 1000 հատ մանր երկրաշարժ լինել, իսկ ուժեղի սպասում առայժմ չկա, որովհետև բավականին դատարկվեց էներգիան»,-ասաց նա:

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաբանության բաժնի թեմատիկ և բազային ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում։

Աշխատանքների հիմնական արդյունքները զեկուցվել են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Գեոկոսմոսի խնդիրները» և Երևանում տեղի ունեցած «Սպիտակի երկրաշարժը 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» գիտաժողովներում: Առաջարկ է ստացվել ներկայացնել հոդվածը «Universal Journal of Geoscience» ամսագրին։