⚡️⚡️ՀՐԱՏԱՊ․ Թշնամին գործի է դրել․․․

Արցախ այցելության ընթացքում ամենամեծ վտանգը, որ աչքի է զարնվում, այնտեղ ապրող մարդկանց անորոշությունն է, որին որևէ կերպ լուծում տալու ջանքեր կամ հստակ արտահայտվող դիրքորոշում՝ ո՛չ Արցախի, ո՛չ ՀՀ իշխանությունները չեն գործադրում։ Իհարկե, խնդիրները շատ են, ընդհուպ՝ մինչև ռազմական վտանգը, սակայն, անորոշությունը խիստ վտանգավոր իրավիճակ է։ Այս կարծիքին է բոստոնաբնակ մեր հայրենակից, բանակցային գործի մասնագետ, «CM&Partners» ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն, որն այս օրերին Արցախում է։

«Իհարկե, արցախցիները պինդ ժողովուրդ են, նրանք հայի շատ ավելի պինդ տեսակն են, բայց, ամեն դեպքում, Արցախում տիրող անորոշությունը բավականին ճնշող է։ Մարդիկ, ուղղակի, չգիտեն՝ ի՞նչ է իրենց սպասում մոտակա ոչ թե տարիներին, այլ, նույնիսկ, ամիսներին։ Ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որի դեմ պայքարելու համար ամբողջ ազգը պետք է ինչ – որ ձև գտնի՝ համախմբվելու, միավորվելու մի նպատակի շուրջ, իսկ նպատակը՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելն է։ Պետք է վերանայել բոլոր այն մոտեցումները, որոնք մեզ հանգեցրին այս իրավիճակին։ Հարկավոր է հույս ներշնչել Արցախում ապրող մեր հայրենակիցներին, որ իրենք մեն – մենակ չեն մնացել ադրբեջանցիների հետ պայքարում, կամ Ռուսաստանի հետ իրենց բանակցություններում։ Թեև, առաջին անգամը չէ, որ Արցախն այսպիսի իրավիճակում է հայտնվում։ Եթե պատմական էքսկուրս կատարենք, կհասկանանք, որ նրանք եղել են այսպիսի իրավիճակում և հաղթահարել են այն։ Այս անգամը ևս բացառություն չի լինելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Վերջինս նկատում է՝ տպավորություն է, թե մենք ինչ – որ առումով վերադարձել ենք արցախյան պայքարի ակունքներին՝ 88 թվական։ Հարցին՝ ինչպե՞ս պատահեց, որ 30 տարի անց, մենք նորից հայտնվեցին նույն կետին, որից սկսվել էր ազատագրական պայքարը, Արթուր Մարտիրոսյանը պատասխանում է՝ խնդիրը խեղաթյուրված արժեքային համակարգն է.«Այս հարցի պատասխանը ստանալու համար, նախ, պետք է հասկանալ, թե ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց արժեքային համակարգում։ Ակնհայտ իրողություն է այն, որ 1994 թվականից սկսած, հետևողականորեն, մարդկանց արժեքային համակարգը փոփոխության ենթարկվեց։ Երբեմնի ազատատենչ ժողովուրդը հանգամանքների և պայմանների բերումով նյութապաշտ դարձավ, սկսեց տուրք տալ սպառողական մշակույթին, անարժեք արժեքներին։ Սրա հետևանքը եղավ այն, ինչ մենք այսօր ունենք՝ հանրային, ազգային շահը հետևողականորեն երկրորդ պլան մղվեց։ Երբ գոյատևման հարցերը լուծելու համար մարդը մեն մենակ է մնում՝ ինքն իր հետ, հաճախ, նյութական խնդիրները լուծվում են արժեքային համակարգի հետ մղման հաշվին։ Ես չեմ խոսում անխտիր բոլորի մասին, իհարկե, բացառություններ կան և միշտ են եղել, սակայն, հասարակության ճնշող մեծամասնությունն այսօր այս խնդրի առաջ է հայտնվել»։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ինչպե՞ս կարելի է մեկնաբանել հայաստանյան իշխանությունների վարքը, Արթուր Մարտիրոսյանը պատասխանում է՝ այն, ինչ կոչվում է «Խաղաղության դարաշրջան», իրականում, մեծ պատրանք է, որի մեջ հայտնվել է այս իշխանությունը. «Գուցե շատերի ականջը շոյում է խաղաղություն բառը, կամ այդ թեմայով իշխանությունների հնչեցրած ճառերը։ Շատ ծնողներ, գուցե, մտածում են, որ խաղաղություն կնքելով, իրենց զավակներն այլևս ստիպված չեն լինի կռվելու և զոհվելու պատերազմում, կամ, որ այդ խաղաղությունն ինչ – որ տնտեսական զարգացումների հնարավորություն կտա մարդկանց, սակայն, պետք է հիասթափեցնեմ նրանց, որովհետև սա միայն հասարակ խավի պատկերացումներն են՝ թվացյալ խաղաղության մասին։ Իրականությունը բոլորովին այլ է։ Դա հասկանալու համար բավարար է հասնել Արցախ և խոսել սովորական մարդկանց հետ և նրանք ձեզ կպատմեն, թե ինչպիսի վայրագ մեթոդներով է այսօր՝ 21-րդ դարում, թշնամին փորձում տեղահանել մարդկանց իրենց տներից՝ հայաթափելու համար ողջ Արցախը։ Ի վերջո, Ցեղասպանությունը միայն բռնի կոտորածի և ջարդի միջոցով չի կատարվում, դրա համար կան այլ մեթոդներ, որոնք այսօր Ադրբեջանը գործ է դրել Արցախում»։

Ամփոփելով զրույցը Արթուր Մարտիրոսյանը նկատում է՝ թշնամին կարծում է, թե եկել է ամենահարմար ժամանակը՝ ավարտին հասցնելու սկսած աշխատանքը. «Ադրբեջանին թվում է, թե իրենք կկարողանան հաջողությամբ կրկնել այն, ինչ կատարեցին Նախիջևանում, այսինքն՝ հայաթափել Արցախը։ Եթե ինձ հարցնում եք՝ հավատո՞ւմ են արդյոք այս իշխանություններն ամեն գնով առաջ տարվող Խաղաղության դարաշրջանի իրենց պարտադրված թեզին, կարող եմ միայն պատասխանել հետևյալը՝ չգիտեմ ինչին են նրանք հավատում կամ ոչ։ Հակված եմ մտածել, որ նրանք զբաղված են ինքնախաբեությամբ, որովհետև այլընտրանք՝ նրանց կողմից, նույնիսկ, չի էլ քննարկվում։ Եթե իրենք իրենց արդեն համոզել են, որ դա հնարավոր է իրականացնել, ապա ուզում եմ նրանց հիշեցնել երիտթուրքերի կատարած հեղափոխությունից հետո տեղի ունեցածը։ Թուրքիայում ապրող որոշ հայ առաջնորդներ, նույնպես, հավատացին երիտթուրքերի բերած խաղաղությանը, որի համար վճարեցին իրենց կյանքի գնով»։