MediaHub.am-ը դեռևս մարտի սկզբին ահազանգ էր ստացել VTB բանկի հաճախորդներից, որ իրենց բանկային քարտերից մեծ գումարներ են պակասել, անգամ հաշիվներին գերածախս կա։ Իսկ մեր զրուցակիցներից Ալլա Զատիկյանն էլ նշել էր, որ իր հաշվից ավելի քան 172 հազար դրամ գերածախս է եղել։
Մենք գրավոր հարցմամբ դիմել էինք VTB բանկի մամուլի ծառայություն` խնդրելով պարզաաբանել իրավիճակը։
Ի պատասխան մեր հարցմանը` VTB բանկից պատասխանել են․ «Հայտնում ենք, որ ժամանակավոր տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ անհամապատասխանություն է եղել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ որոշ հաճախորդների քարտային հաշիվների փաստացի և այդ պահին արտացոլվող մնացորդների միջև, ինչի արդյունքում հաճախորդները հնարավորություն են ունեցել օգտագործելու ավելի դրամական միջոցներ, քան փաստացի առկա են եղել իրենց հաշիվներին: Արդյունքում առաջացել է գերածախս, որը մարվել է հաճախորդի հաշվին հետագայում մուտքագրված դրամական միջոցներից կամ նման մուտքերի բացակայության պարագայում ձևակերպվել է որպես հաճախորդի պարտք Բանկի հանդեպ»:
Բանկից նաև հայտնել էին, որ հաճախորդների կողմից օգտագործված, սակայն փաստացի վերջիններիս չպատկանող գումարները, ենթակա են վճարման հաճախորդների կողմից: Օգտագործված գումարի նկատմամբ հաշվեգրված տույժերն ու տուգանքները Բանկի կողմից սրբագրվում են և մարվում :
«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը նաև հաճախորդներին խնդրել է անձնական խնդիրների առկայության դեպքում կապ հաստատել բանկի կոնտակտային կենտրոնի հետ՝ 87-87 հեռախոսահամարով: