ՀՐԱՏԱՊ․ Հայ-թուրքական «փոխհրաձգություն» է տեղի ունեցել

Երևանը հաստատել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարությունը, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է կայանալ Վիեննայում։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը նշել է, որ Հայաստանը առաջին փուլով Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար, սակայն թուրքական կողմը դանդաղ է արձագանքում։

Ինչի՞ է սպասում Թուրքիան և ինչո՞ւ է հապաղում. ՀՀ ԱԳՆ-ն կշտամբել է Թուրքիային, որն ամեն շաբաթ հայտարարություններ է անում հայ-թուրքական գործընթացն Ադրբեջանի հետ համակարգելու մասին, հակադարձելով երկկողմ հարաբերություններում խիզախ լինելու վերաբերյալ թուրքական հորդորին։

Թուրքիան գոհ էր Բրյուսելի համաձայնագրից՝ խաղաղության պայմանագրի կնքման և սահմանազատման շուրջ երկկողմ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Մինչ այդ Թուրքիան հայտարարել էր, որ հայ-թուրքական բանակցությունների հետագա ընթացքը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Դրանից հետո Փաշինյանն իր հայտնի ելույթն ունեցավ խորհրդարանում։

Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանը, որը շահագրգռված է Թուրքիայի հետ սահմանների բացմամբ, բանակցությունները շարունակելու համար սկսել է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» գործընթացը։ Փաշինյանը հույս ունի, որ գործընթացի մեկնարկը և զիջումների պատրաստակամության մասին հայտարարությունները բավակա՞ն կլինեն, որպեսզի հայ-թուրքական կարգավորման գործընթացը «չլճանա»։ Այն, որ Թուրքիան «ձգձգում է» սահմանների բացումը, ըստ երևույթին, պայմանավորված է նրանով, որ Թուրքիան ավելի առարկայական քայլեր է պահանջում, և ինչ-որ պահի Անկարան Բաքվի և Մոսկվայի հետ միասին կարող է «շրջել տախտակը» և ստիպել Փաշինյանին գնալ անդառնալի զիջումների։

Փաշինյանը խորհրդարանում ասաց, որ մեր աչքի առաջ փլուզվում է հին աշխարհակարգը։ Արդյոք Հայաստանի կառավարությունը տեսլական ունի նոր աշխարհակարգում Հայաստանի հայտի, դերակատարության մասին։ Եթե կա նման տեսլական, ինչո՞ւ է իշխանությունը շտապում ռուս-թուրքական տանդեմի պայմաններով բացել սահմանները Թուրքիայի հետ եւ Բաքվի հետ կնքել «խաղաղության պայմանագիր», որում Հայաստանը լինելու է «մատաղացու գառան» դերում։

Lragir.am