ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հարձակվելու է Երևանի վրա և․․․

Եթե ինչ-որ մարդկանց մտածելակերպով այս եռատոնն ավարտ է ունեցել, ապա դա իմ ու իմ նման մարդկանց չի վերաբերվում։ Հողի կորուստն, իհարկե, ծանր է, բայց առավել ծանր է մարդկային կորուստը։ Մենք ընկերներ ենք կորցրել, որոնց հետ բերել, այլևս, չենք կարող, իսկ հողը՝ այս կամ այն կեպ, ցանկացած հարմար պահի կվերադարձնենք։ Հողը սպասում է իր տերերին՝ մեր հողը սպասում է իր տերերին,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Արցախյան գոյամարտի, ապրիլյան քառօրյայի և 44-օրյա պատերազմների մասնակից Եփրեմ Մարգարյանը։

Կորսված հաղթանակը հետ վերադարձնելու համար, ըստ ազատամարտիկի, նախ և առաջ պետք է փոխել կարծրացած մտածելակերպը.

«Պետք է վերացնել բոլոր այս կուսակցությունները և թողնել մեկ ընդհանուր՝ հայի գաղափարը։ Այս խառնաշփոթի մեջ որևէ հաջողության կամ հաղթանակի մասին մտածել հնարավոր չէ։ Հազար հատ կուսակցություն կա, որոնցից ամեն մեկն առաջ է տանում իր գաղափարախոսությունը, ինչը քաոսի է վերածում ողջ երկիրը»,-ասում է ազատամարտիկը։

Եփրեմ Մարգարյանի արձանագրմամբ՝ պատմության էջերը թերթելիս ցավալիորեն հասկանում ենք, որ դրանից դասեր չենք քաղել.

«30 տարի շարունակ թուրքը պատրաստվում էր պատերազմի, ինչո՞վ էինք զբաղված մենք այդ ժամանակ։ Երբ հակառակորդը պատրաստվում էր պատերազմի, մենք կոտրում էինք մեր մարտունակությունը։ Երբ, շատ անգամներ, մենք բարձրաձայնում ու ահազանգում էինք, որ թշնամին լրջորեն պատրաստվում է մեծ պատերազմի, մարդիկ կային, որ առանց համապատասխան հետևություն անելու՝ ծիծաղում էին։ Ասեմ ավելին՝ ինչ սպառնալիքներ Ալիևն այս տարիների ընթացքում հնչեցրել է, բոլորը կյանքի է կոչել։ Ստացվում է՝ ինչ ասել է, արել է։ Նա ասո՞ւմ էր ռազմական ճանապարհով հետ է վերցնելու հողերն, այդպես էլ արեց՝ թքած ունենալով միջազգային հանրության կոչերին ու կարծիքներին։ Թեև, ես ինքս, այդ կոչերին երբեք լուրջ չեմ վերաբերել, մշտապես վստահ լինելով, որ մեր հաղթանակի գրավականը միայն և բացառապես մենք ենք՝ մարտունակ և հզոր բանակով։ Հիմա էլ նույն այդ Ալիևն ասում է, որ Երևանն ու Սևանն էլ իրենն է։ Ես հարց եմ տալիս՝ ո՞վ է երաշխավորել, կամ ո՞վ է բացառում, որ Ալիևը չի հարձակվելու Երևանի վրա, ո՞վ է դա մեզ երաշխավորել, կա՞ այդպիսի մարդ…»,- հարցադրում է անում ազատամարտիկը։

Եփրեմ Մարգարյանը նկատում է՝ մասնագիտական գործունեությունից ելնելով, մշտապես խորությամբ ուսումնասիրել է թշնամուն և միակ հարցը, որ հիմա պատասխան է պահանջում, հետևյալն է՝ ինչո՞ւ ենք մենք մշտապես թերագնահատել թուրքին.

«Գիտե՞ք ինչ կասեմ՝ վերջ դրեք բոլոր քաղաքական խաղերին, միավորվեք մեկ գաղափարի շուրջ, այն է՝ պահպանել եղածը և բոլոր ուժերը կենտրոնացրեք այս գաղափարի իրականացման ուղղությամբ։ Հասկանո՞ւմ եք՝ ես հիմա խոսում եմ գոնե եղածը պահպանելու մասին…այդքան մեծ է վտանգը, որ կախված է մեր գլխին։ Եթե կան մարդիկ, որ այդ վտանգի իրական չափը չեն պատկերացնում, սա դեռ չի նշանակում, որ մենք պետք է զոհ գնանք այդ անհեռատեսների նեղ անձնական շահերին՝ ռիսկի տակ դնելով կորցնել գոնե եղածը»,- ասում է ազատամարտիկը։

Ամփոփելով զրույցը, Եփրեմ Մարգարյանն ասում է՝ անհապաղ միավորվեք մի ընդհանուր գաղափարի շուրջ, միայն այդ պարագայում հայի հզոր բռունցքը կիջնի թուրքի մռթին.

«Գոյատևելու այլ ուղի, ստեղծված իրավիճակում, մենք ուղղակի չունենք։ Մի հավատացեք, որ ասում են, իբր, մենք բանակ չունենք։ Մենք բանակ ունենք, ունենք նաև ազգանվեր, հայրենասեր տղաներ, որոնք, արդեն իսկ, ապացուցել են, որ պատրաստ են պաշտպանել Հայրենիքը։ Չնայելով ոչ մի վտանգի, նրանք գնացել են կռվելու ու պաշտպանելու հայրենի հողը և պատրաստ են նույնն անել, եթե, հանկարծ, նորից մեզ պատերազմ պարտադրվի։ Հաղթելու համար բանակին գերճշգրիտ կադրեր են պետք։ Մի անգամ Սովետական միության բարձրաստիճան դիրք զբաղեցնող մի շպիոնի, որ լրտեսում էր ի օգուտ ֆաշիստական Գերմանիայի, հարցնում են՝ ինչպե՞ս կարողացա՞ք, ինչպե՞ս ստացվեց։ Նա պատասխանում է՝ իմ խնդիրը մեկն էր՝ պատասխանատու պաշտոններում նշանակել ոչ ճիշտ մարդկանց։ Այն, ինչ կատարվեց մեզ հետ, հենց սրա արդյունք էր, այստեղ ավելացնելու ոչինչ չունեմ։ Միայն, ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմի բոլոր ողջ մնացած վետերաններին, մեր լուսահոգի պապերի հոգին էլ՝ թող փառավորվի, որովհետև նրանք հաղթեցին համաշխարհային ֆաշիզմին, փրկելով մարդկությանը ֆաշիզմի ճիրաններից։ Ի սրտե շնորհավորում եմ Արցախյան գոյամարտում Շուշին ազատագրող բոլոր ազատամարտիկներին, ասում եմ ՝ թող հոգիները լուսավորվի բոլոր նրանց, ովքեր ընկան՝ հայրենիք ունենալու սուրբ գաղափարի ճանապարհին և անկոտրում ուժ և հավատ եմ մաղթում այն տղերքին, ովքեր դեռ դուրս են գալու մարտի՝ նորից և վերջնականորեն ազատագրելու մեր Հայրենիքը»։