«Այդ տունը, որտեղ որ ապրում ենք հիմա, մեր ընկերոջ տունն է, և մեր ընկերը այն մեզ տրամադրել է, որ բնակվենք այնտեղ, մինչև մեր տան հարցը լուծենք». Սեյրան Օհանյան

Տարիներ շարունակ հայկական մամուլը գրել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանի ունեցվածքի և հատկապես նրա առանձնատան մասին, ինչին ի պատասխան վերջինս մշտապես հերքել է նմանատիպ լուրերը։ Օհանյանը դեռևս 2017 թ․-ին մամուլի ասուլիսի ժամանակ հերքել էր Վահագնի թաղամասում առանձնատուն ունենալու մասին տեղեկությունը և պնդել, որ իր ունեցվածքի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Վարձով տուն՝ առանց վարձակալության պայմանագրի Սեյրան Օհանյան բնակվում է Վահագնի թաղամաս, 3 տեղամաս, Արփա-30 հասցեում գտնվող «Արարատ-1» տիպի առանձնատանը։

Շինությունն ունի 498.9 քմ մակերես և գտնվում է 1108 քմ հողատարածքում։ Հենց այս հասցեն էր Օհանյանը պատգամավորի թեկնածուի հայտարարագրում նշել որպես բնակության վայր։ FIP.am-ին Վահագնի թաղամասի վաճառքի բաժնից հայտնեցին, որ «Արարատ-1» բնակելի առանձնատան 1-ամսյա վարձակալության գինը սկսվում է 2500-3000 ԱՄՆ դոլարից, իսկ վաճառվելու դեպքում մեկնարկային արժեքը 550,000 դոլար է: Կոնկրետ Սեյրան Օհանյանի զբաղեցրած առանձնատունը, սակայն, պատկանում է ոչ թե «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին, այլ ոմն Կարինե Բարսեղյանին: Ընդ որում, թեև Օհանյանը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ վարձով է բնակվում, Կադաստրի փաստաթղթերում բացակայում է վարձակալության պայմանագիրը։ Այս երկու առանձնատները, չնայած տարբեր տեղամասերում են, բայց գտնվում են իրարից 500 մետր հեռավորության վրա։

Կառուցվող և Օհանյանի վարձակալած առանձնատները Վահագնի թաղամասում: Իսկ ի՞նչ է հայտարարագրել Որպես պաշտպանության նախարար պաշտոնավարման 10 տարիներից վերջին 3 տարվա ընթացքում Սեյրան Օհանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրել է 7 հայտարարագիր, որոնցում, սակայն, որևէ շարժական, անշարժ գույք կամ թանկարժեք գույք չի հայտարարագրել, իսկ վերջին՝ պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում ներկայացրել է 18 մլն․ դրամ դրամական միջոցներ (2011-ին՝ 11․5 մլն․)։

Իսկ արդեն ըստ 2021 թ․ հոկտեմբերին ներկայացրած՝ պատգամավորի պաշտոն ստանձնելու հայտարարագրի՝ ՊՆ նախկին նախարարը համասեփականության և սեփականության իրավունքներով տիրապետում է 5 բաժին հողամասի, որոնցից մեկի վրա նաև շինությունը դեռևս իրավունքների պետական գրանցում չի ստացել կամ ինքնակամ է։ Դրանք, ըստ հայտարարագրի, ձեռք են բերվել 1991 թ․-ին։ Ըստ ներկայացված հայտարարագրի՝ բոլոր 5 հողամասերը գտնվում են Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում, որտեղ էլ հենց գտնվում է Օհանյանի հայրական տունը։

Սա հաստատում են նաև Կադաստրից ստացված փաստաթղթերը, համաձայն որոնց՝ միայն Մրգաշենում Օհանյանը համատեղ սեփականության իրավունքով տիրապետում է 1 կտոր հողամասի և 1 առանձնատան, իսկ սեփականության իրավունքով՝ 3 հողամասի։ Այս հողակտորները միասին զբաղեցնում են ավելի քան 34,300 քմ (3․4 հա) տարածք։

Հատկանշական է, որ այս հողամասերից մեկը, որի մակերեսը կազմում է 2021.3 քմ, Սեյրան Օհանյանին օտարվել է Մրգաշենի համայնքապետի 2021 թ․ մայիսի 23-ի N128 որոշմամբ՝ ընդամենը 13,650 դրամով։ Պատգամավորի թեկնածուի հայտարարագրում Օհանյանը որպես դրամական միջոց հայտարարագրել էր 2700 ռուբլի (մոտ 18 հազ․ դրամ)։ Իսկ արդեն պատգամավորի հայտարարագրում Օհանյանը նշել է 18 ռուբլի ավել՝ 2718 ռուբլի գումար։

Բացի այդ, Օհանյանը հայտարարագրել է նաև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող, որպես երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող, բայց փաստացի իր կողմից տնօրինվող 1 հողամաս և շինություն։ Շինությունը հայտարարագրում նշված է որպես դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած կամ ինքնակամ շինություն։

Շինության և հողամասի կոնկրետ հասցեն, դրանց մակերեսը և իրական սեփականատիրոջ տվյալները պաշտպանված են և հասանելի չեն, սակայն FIP․am-ի հետ հեռախոսազրույցում Սեյրան Օհանյանը հայտնեց, որ դա Վահագնի թաղամասում իր կողմից վարձակալվող առանձնատունն է, որը, սակայն, իրականում իր ընկերներն են իրեն անվճար տրամադրում և այդ պատճառով է, ոչ չկա կնքված վարձակալության պայմանագիր։

«Այդ տունը, որտեղ որ ապրում ենք հիմա, մեր ընկերոջ տունն է, և մեր ընկերը այն մեզ տրամադրել է, որ բնակվենք այնտեղ, մինչև մեր տան հարցը լուծենք։ Վարձակալություն չէ»,- ասաց Օհանյանը։