«Ընկերներին ասում էր՝ դուք դուրս մի հանեք գլուխներդ, դուք երեխեք ունեք». ՀԵՐՈՍ Նորայրը զոհվեց հրադադարից մեկ ժամ առաջ

Նորայր Էդուարդի Հարոյանը ծնվել է 1987 թվականի փետրվարի 4-ին։ Մանկավարժականի հումանիտար քոլեջը ավարտելուց հետո՝ 2005 թվականին զորակոչվել է Հայոց բանակ: Ծառայությունից հետո սովորել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության բաժնում:

2014 թվականին աշխատել է պ.ն զինվորական ուժերում՝ որպես պայմանագրային ծառայող: Սեպտեմբերի 27-ից մնացել է շուրջօրյա ծառայության զորամասում։ Հոկտեմբերի 24-ին գնացել է ռազմաճակատ Մատաղիս, կռիվ տվել Մատաղիսում:

Մարտերի ընթացքում հարազատների հետ հասցրել է խոսել երկու անգամ: Ասում էր՝ շատ լավ եմ, մեր մոտ հանգիստա։ Հարազատները կարծում էին, թե նա թիկունքում է, սակայն թշնամուց մեկ կիլոմետր է եղել հեռու։ Զինակից ընկերները պատմում են, թե վախը կորցրել էր և բոլորին խրատում էր, թե դուք դուրս մի հանեք գլուխներդ, դուք երեխեք ունեք։ Ամսի 8-ին ժամը 9-ին զանգահարել է բոլոր հարազատներին, ասել՝ 2 օրից գալիս եմ։

Ավաղ, 8-9 լույս գիշերը հրադադարից մեկ ժամ առաջ զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարության կողմից իրականացված հարձակումից: