Վաղը առավոտյան ժամը 8:00-ից սկսվելու են անհնազանդության ակցիաները: Այս մասին այսօր`մայիսի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության երթից հետո հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Առավոտյան ժամը 8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները, հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրն առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»,-ասաց նա:
Մայիսի 16-ին, ժամը 08:00 հետևյալ 4 վայրերից կմեկնարկեն ավտոերթերը
1. Աշտարակի խճուղի Կարմիր խաչի գրասենյակի դիմաց
2. Արտաշատի խճուղի Կոնտինենտալի դիմաց
3. Երևան-Աբովյան մայրուղի Փարավոն ռեստորանային համալիրի մոտ
4. Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ
5. Արինբերդի խճուղի (Տեցի կռուգ)
Նշենք, որ այսօր եւ երեկ անհնազանդության ակցիաներ մայրաքաղաքում տեղի չեն ունեցել: