Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Փափազյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկեր Արման Սիրեյանն ու Անահիտ Ասատրյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված փողոցի բնակիչ՝ 51-ամյա Քրիստինե Պ-ն էր, որը, ըստ վերջինիս մոր հայտարարության, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան պատշգամբից ցած նետվելով։
Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ ավագ քննիչ Սահակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։