ՀՐԱՏԱՊ․ Արդեն իսկ որոշվել է, մայրուղին անցնելու են Մեղրով, իսկ․․. Ալիև

«Մենք ասացինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի։ Հայաստանը փորձեց խուսափել սրանից, որովհետև խաղաղության պայմանագիրը նշանակում է երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Բայց արդյունքում մենք հասանք դրան, և Ադրբեջանն արդեն որոշել է իր աշխատանքային խումբը»,- այս մասին Զանգելանի շրջանի Ագալի գյուղում, հանրության ներկայացուցիչների հետ հանդիպմանն, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մյուս կարևոր խնդիրը Զանգեզուրի միջանցքի բացումն է։ Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց դարձյալ տեսեք բրյուսելյան հանդիպման պաշտոնական հայտարարությունը, արդեն իսկ որոշվել է, որ թե՛ երկաթգիծը, թե՛ մայրուղին անցնելու են Մեղրով՝ Զանգեզուրով։ Այսինքն, մենք հասել ենք սրան։ Այսինքն, մենք ենք թելադրում օրակարգը։ Ի՞նչ գնով: Իհարկե, պատերազմի արդյունքներով։ Որովհետև մենք հաղթանակած պետություն ենք, Հայաստանը՝ պարտված պետություն. սա իրականություն է, որ պետք է ընդունեն բոլորը։ Անկասկած, այս գործոնն առաջին պլանում է ադրբեջանա-հայկական շփումների ընթացքում»,- ասել է Ալիևը։

Իլհամ Ալիևը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է, Մինսկի խումբն ավարտել է իր գործունեությունը, սկսվել է հետհակամարտային շրջանը։ «Ամբողջ աշխարհը, առաջատար երկրներն ու միջազգային կազմակերպությունները ընդունել են նոր իրողությունները։ Դա շատ կարևոր էր։ Սա մեր քաղաքական մեծ հաջողությունն է։ Մեր օրակարգն արդեն հիմք է ընդունվել առաջատար միջազգային կազմակերպությունների կողմից»,- հավելել է Ալիևը։