ՇՏԱՊ․ «Ուզում են բիծ թողնել երեխայիս կարիերայի վրա»․ միայն իմանաք ինչ է կատարվում

NEWS.am-ը գրում է․

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկին՝ կառավարական առանձնատների մոտ, հունիսի 3-ին, ոստիկանների եւ «Դիմադրություն» շարժման մասնակիցների միջեւ տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է անչափահաս՝ 17-ամյա Աղասի Խաչատրյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ իրականացնելու հատկանիշներով։

NEWS.am-ի հետ զրույցում Աղասիի հայրը՝ Ալբերտ Խաչատրյանը, պատմեց, որ որդին բերման է ենթարկվել միջադեպի հաջորդ օրը՝ հունիսի 4-ին՝ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետ։

«Մի քանի էջմիածնեցիներով տուն էինք վերադառնում, երբ հանկարծ նկատեցինք, որ տղաս մեզնից հետ է ընկել եւ զրուցում է ինչ-որ անծանոթ մարդկանց հետ։ Մեզ չթողեցին առաջանալ, ասացին՝ Քննչական կոմիտեից ենք, սակայն որեւէ փաստաթուղթ չներկայացրին։ Ասացին՝ տանում ենք Մասիվի բաժին։ Մենք իրեն փնտրեցինք Մասիվի բաժնում եւ միայն ժամեր անց տղայիս գտանք Քննչական կոմիտեում»,- ասաց Ալբերտ Խաչատրյանը։

Աղասի Խաչատրյանի ձերբակալման համար հիմք է հանդիսացել այն տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես է Աղասին իր ուղղությամբ նետված երկու շիշ նետում ոստիկանների ուղղությամբ։

«Տղաս տեսել է, թե ոստիկանն ինչպես է հարվածում իր կողքին գտնվող մի կնոջ եւ աղջկա, դրա համար էլ ինքն այդպես է վարվել։ Ինքն ասում է՝ երբ էլ տեսնեմ, որ կնոջ են ծեծում, պետք է պաշտպանեմ։ Որդուս ոստիկանները հարվածներ են հասցրել, մարմինը կապտուկների մեջ է, շապիկը պատառոտել են, նույնիկս շորերի վրա կոշիկների հետքերը կան։ Դահիճների նման են վարվել երեխայիս հետ»,- պատմեց Աղասիի հայրը։

17-ամյա Աղասին սովորում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։

«Իրենք ուզում են բիծ թողնել երեխայիս կարիերայի վրա։ Իմ տղան մասնակցում է պայքարին, որովհետեւ ասում է՝ չեմ ուզում որպես սպա ծառայել թուրքական բանակին, ուզում եմ մեր հայկական բանակին ծառայել»,- հավելեց Ալբերտ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չէին ներկայացել նիստին եւ տապալել էին այն: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել էին Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացել էին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվել դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվել էին բացել ճանապարհը, որից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում էր սկսվել։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման էին ենթարկել բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաեւ հատուկ միջոցներ էին կիրառել, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է, այդ թվում՝ ոստիկանների։ Մի քանի տասնյակ քաղաքացի եւ ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։