Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շուշանիկ Ներսիսյանը, որն ավելի է հայտնի է «Նակոլկա Շուշո» անունով, ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Շուշանիկ Ներսիսյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է Փաշինյանի՝ հունիսի 8-ի որոշման մեջ։
«Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը Շուշանիկ Ներսիսյանին պաշտոնից ազատել է Ռուստամ Բադասյանի առաջարկության հիման վրա։
MediaHub.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Շուշանիկ Ներսիսյանն աշխատանքային կոնֆլիկտ է ունեցել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ։ Պաշտոնի նշանակվելուց հետո Բադասյանն իր բարեփոխումների ծրագիրն է բերել, որն այդքան էլ Շուշանիկ Ներսիսյանի «սրտով չի եղել»։ Ուստի, որոշում է ընդունվել Ներսիսյանին այս պաշտոնից ազատել և նոր պաշտոնի նշանակել։
Բնական է, որ իշխանությունն առանց պաշտոնի չի կարող թողնել Շուշանիկ Ներսիսյանին, քանի որ, ըստ մամուլում հրապարակված բազմաթիվ լուրերի, վերջինս Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմն է։ Ավելին, Շուշանիկ Ներսիսյանի անունը կապվում է ծխախոտի ապօրինի արտահանման հետ, որում որպես մասնակից կողմ շոշափվում էր Աննա Հակոբյանի եղբոր՝ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի անունը։
Հավելենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ Շուշանիկ Ներսիսյանի հաջորդ պաշտոնն ավելի բարձր է լինելու, քան ՊԵԿ փոխնախագահն է։
Նարե Գևորգյան