(PHOTO) Խայտառակություն և անարգանք մեր ազգային խորհրդանիշներից մեկի` հայկական լավաշի նկատմամբ․ շահագրգիռ անձինք ասելիք չունե՞ն

Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում մոտ ժամանակներս տեղի է ունենալու «Залечь на дно в Ереване» ներկայացումը: Ներկայացման սցենարը չորս անձնավորության մասին է, ովքեր Հայաստանում լավ կյանք են փնտրում: Գլխավոր դերերում են «Comedy woman»-ի աստղերից Եկատերինա Վառնավան, Նատալյա Եփրիկյանը, Ալեքսանդր Գուդկովը և Եվգենի Բորոդենկոն:

Այս ներկայացումը արդեն իսկ հավակնում է հայտնվել խոշորագույն սկանդալի կենտրոնում` ներկայացման ցուցապաստառի հետ կապված: Գովազդային ցուցապաստառի վրա առկա են մերկ դերասաններ, որոնք իրենց «բարեմասնությունները» ծածկում են հայկական ավանդական լավաշով: Սա պարզապես խայտառակություն է և անարգանք մեր ազգային խորհրդանիշներից մեկի նկատմամբ: Լավաշը մեր ինքնության խորհրդանիշներից է, որը հազարամյակների պատմություն ունի:

Շուրջ երեք հազար տարի առաջ հայկական լավաշը արդեն ուներ ճանաչում տարածաշրջանում: Հայկական լավաշի մասին գրվել են տարատեսակ բանաստեղծություններ, նկարահանվել ֆիլմեր և այն իր ուրույն տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության մշակութային ժառանգության մեջ: 2014թ. հայկական լավաշը պաշտոնապես ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Այսպիսով արձանագրենք, որ մեր պատմամշակութային ամենակարևոր արժեքներից մեկը և աշխարհին ներկայանալու, արժեքներ փոխանցելու մեր հպարտություններից մեկը ուղղակիորեն նվաստացվում է այդպիսի գովազդային ցուցապաստառով: Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի ղեկավարությունը, որտեղ տեղի է ունենալու ներկայացումը,

ասելիք չու՞նի: Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ղեկավարությունը այս ասպեկտում ունի մեկ անելիք` արգելել թատրոնի տարածքում այդպիսի խայտառակ ցուցապաստառով ներկայացման կայացումը: Մեր մշակութային գործիչները ասելիք չունե՞ն:

Տեղի ունեցող խայտառակության մասին լռում է նաև ԿԳՄՍ-ն: Հետևաբար, կրկին հարցադրումներ են առաջանում․ մի՞թե իրենք չեն տեսել այդ խայտառակ ցուցապաստառը: Եվ եթե տեսել են, ապա ասելիք չունե՞ն: Վերջին հարցը իհարկե հռետորական է, որովհետև Նիկոլի Հայաստանում հետևողական կերպով ոչնչացվում են, բոլոր արժեքները և հատկապես մեր ազգային,

մշակութային և կրոնական հիմք ունեցող տարրերը: Եվ վերջում, եթե այդ ներկայացումը կայացման պարագայում չբոյկոտվի հանրության կողմից, ապա գործականում հերթական անգամ կապացուցվի այն մտայնությունը, որ այս հանրության մի զգալի հատված կրկին մարսում է հերթական մի նվաստացում, որովհետև տարրական պատկերացումներ չունի պետականության և նրա հիմնասյունը կազմող ազգային արժեքների մասին: