Արարատում ոստիկանները վնասել են Փաշինյանին սպասող բնակչուհու մոր ոտքը, նրան քաշքշել եւ բերման են ենթարկել/տեսանյութ/

Oragir.news-ը գրում է․ Այսօր Ոստիկանությունը առանց բացատրության կոպիտ ձեւով բերման է ենթարկել Արարատ քաղաքի բնակիչ Գայանե Հովնանյանին, նրա նշանածին եւ մորը` Նիկոլ Փաշինյանի այցն այդ քաղաք չխանգարելու համար։

Գայանեն Oragir.news-ին ասաց, որ իրենց արդեն բաց են թողել. «Մեզ որեւէ բացատրություն չեն տվել` ինչի համար են բերման ենթարկում։ Ես ընդամենը համայնքապետ Ասլան Ավետիսյանի վերաբերյալ հարց պետք է ուղղեի վարչապետին, քանի որ նա է սպանել իմ հորը, պետք է հարցնեի` օրենքի որ տառի համաձայն եք քրեական գործը դեռ չփակած պաշտոն տալիս։

Ընդամենը պետք է հարց ուղղեի, բայց այս մարդիկ` ոստիկանները, ինձ քաշքշել են, մորս են քաշել եւ ոտքը վնասել։ Մեզ բոլորիս տարան Ոստիկանություն, ինչ հիմքով` չասացին։ Մեզ ասում էին` հեռախոսները անջատեք։ Վերջում թուղթ ու գրիչ բերեցին, գրեցի, որ ապօրինի են բերման ենթարկել»։

Գայանեն վերջում ավելացրեց, որ իրենց բերման են ենթարկել ընդդիմադիր հայացքների համար։