ՀՐԱՏԱՊ․ ինքնասպանnւթյnւն գործած զինծառայnղը դեպքից առաջ ենթարկվել է բռնnւթյան․․․

Ինքնասպանությունից առաջ շարքային զինծառայող Ալբերտ Սիրոյանի նկատմամբ ծառայակցի կողմից բռնություն է գործադրվել, ենթարկվել ծաղր ու ծանակի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ մեղադրանք է առաջադրվել թե ծառայակցին, թե հրամանատարի պարտականություններ կատարած զինծառայողին՝ անգործության համար, սակայն նրանցից ոչ ոք չի կալանավորվել։

Հիշեցնենք, որ զինծառայող Ալբերտ Սիրոյանի դին հայտնաբերվել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ կզակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով։ ՔԿ հաղորդագրության համաձայն՝ վնասվածքը պատճառվել է հենց զինվորին ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր երկու ծառայակից։

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել պարտադիր ժամկետային երկու զինծառայողի։

«Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությամբ մարտական դիրքում ծառայություն իրականացրած երկու պարտադիր ժամկետային ծառայողներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով ( զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով- խմբ.),

360-րդ հոդվածի 1-ին մասով (զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից- խմբ.), իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական,

անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել-խմբ.), վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողության հանձնելը։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել են ՀՀ ՔԿ-ից։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո