Քչերը գիտեն, որ տարիներ առաջ ինքնաթիռը, որում Ռաֆայել Քոթանջյանն էր, վայր էր ընկել. դերասանը վստահեցնում էր, որ շատ է հանդիպել մահվանը (տեսանյութ)

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը: Նշեք, որ մեծ դերասանը բազմիցս է խոսել այն մասին, որ իր կյանքում մահվանը հանդիպելու առիթներ ունեցել, ավելին՝ մեկ անգամ ինքնաթիռը վայր է ընկել:

Այդ դեպքի մասին Ռաֆայել Քոթանջյանը նշում էր հետևյալը. «Երբ մեր ինքնաթիռն ընկավ Հալեպում, իմ վերևը բացվեց, ես դուրս եկա թևի վրա ու միանգամից 3-4 երեխաների դուրս հանեցի։ Հետո ընկերս թռավ ներքև՝ մի 3-4 մետրից, ես երեխաներին բաց էի թողնում, ինքը ներքևից բռնում էր:

Հետո երբ հերթական անգամ շրջվեցի երեխաների կողմ, ի՞նչ տեսնեմ՝ մեկն իր ճամպրուկի պատճառով մուտքը խցանել է, ու անցելու տեղ չկա։

Ես քիչ եմ հայհոյում, բայց այդ ժամանակ հայհոյանքների տարափ եկավ. երեխեքը ինքնաթիռում, սա իր ճամպրուկն է փրկում:

Քաշեցի, մի կերպ պոկեցի, 2-3 երեխա դուրս եկավ, բայց այդ ժամանակ կապիչները պոկվեցին, ու ես պտտվելով ընկա մի սուր քարի վրա ու կրունկս փշրվեց: Հետո ասացին, որ կրունկս 40 կտորի է բաժանվել, և ինձ անմիջապես տարան հիվանդանոց, թե՝ «21 օր պիտի պառկես՝ ոտքդ վերև»:

Դերասանի խոսքով՝ վստահ էր, որ ողջ է մնալու. «Մենակ մտածում էի՝ «Կխաղա՞մ էլի, թե՞ ոչ»: Վստահ էի, որ ողջ եմ մնալու։

Անգամ երբ այդ արաբ բժիշկը սարսափեց, թե ոնց եմ պատրաստվում հաջորդ օրն իսկ այդ իմ փշրված ոտքով խաղալ, ես ասացի՝ «Դուք հանգիստ եղեք, մանավանդ որ ես այլ տարբերակ չունեմ»։ Ասում էր՝ «Էդպիսի բան չի կարող լինել, դու ամբողջ կյանքում կկաղաս», բայց ես խաղացի իմ «Սերն ու ծիծաղը» հենակով, և հանդիսատեսը միայն հաջորդ օրը գլխի ընկավ, թե ինչն ինչոց է»։