168.am-ը ուշագրավ տեղեկություն է ստացել Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղից․ 60-ամյա բնակիչ Ա. Խ.-ն հունիսի 4-ին անհետացել է։ Որպես հավանական տարբերակ աղբյուրը նշում է հայ-ադրբեջանական սահմանին առևանգումը:
Ա. Խ.-ի ճակատագրի մասին մանրամասներ է փորձել ճշտել թղթակիցը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանից: Նա չի ցանկացել փակագծեր բացել. «Որ խնդրեմ՝ դիմեք ոստիկանությանը, կլինի՞. իրենք ձեզ մանրամասն կասեն, որովհետև իրենք են զբաղվում»:
Ոստիկանության Եղեգնաձորի վարչությունից հայտնել են, որ նման դեպք կա, բայց հանգամանքների համար կխնդրեն զանգահարել ավելի ուշ:
Մինչ մանրամասներ կճշտվեին Ոստիկանության Եղեգնաձորի վարչությունից, լրատվամիջոցը կապ է հաստատել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, որը հստակեցրել է. «Ձեր ասած անձը հունիսի 12-ին հայտնաբերվել է, իր անհայտ կորելու և հայտնաբերվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին քննություն է ընթանում»:
Ավելի ուշ որոշ մանրամասներ հայտնի դարձան նաև մարզային վարչությունից:
«Բոխի հավաքելու է գնացել, հետո Նախիջևանի կողմն է անցել, ապա հետ է եկել»,- մանրամասնել է աղբյուրը: