ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ներկայացրեց պայքարի հետագա գործողությունները՝ ընդգծելով․ փողոցային պայքարը շարունակվում է՝ որոշակի փոփոխությունների ենթարկվելով, դրան զուգահեռ՝ քայլեր են ձեռնարկվում շարժումն ամբողջ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ընդլայնելու ուղղությամբ։
«Առաջիկա անելիքներն ու գործնական քայլերը միտված են լինելու հետևյալին․
Ամենշաբաթյա միջոցառումներ,այդ թվում՝ փողոցային ակցիաներ, մասնագիտական քննարկումներ, պարտադիր ժամանակացույցով և գրաֆիկով հանդիպումներ։
Շաբաթական հանրահավաք, երթ, փողոցային ակցիաներ։
Շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումների ձևավորում՝ այդ թվում՝ Արցախում և Սփյուռքում։
Հանրության լայն շերտերի հետ հետևողական աշխատանք։
Հստակ չափորոշիչների վրա հիմնված կադրային բանկի ձևավորում՝ Սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմամբ։
Մարզերում շարժման կոորդինացիոն խորհուրդների և կոմիտեների ձևավորում։
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ ծրագրավորված աշխատանք։
Ապօրինաբար ձերբակալված և կալանավորված շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական աշխատանք»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝ այս ամենին զուգահեռ պետք է պատրաստ լինել վճռորոշ զարգացումների, որոնց պետք է արագ արձագանքել, հակազդել ու անմիջապես վերադառնալ փողոցային պայքարի 24-ժամյա ռեժիմին։