ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ուժերը շարունակում են գրոհը։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ օրվա ընթացքում ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները 2 կմ առաջ են շարժվել և արգելափակել այնպիսի բնակավայրեր, ինչպիսիք են` Բորովսկոյեն, Մետելկինոն և Նովոտոշկովսկոյեն։
Պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին։ Նրա խոսքով՝ օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան շարքից հանել է Ուկրաինայի 17 ռազմական օբյեկտ։
Խոսքը երկու հրամանատարական կետերի ու կապի կենտրոնների, զինամթերքի երկու պահեստի և մեկ վառելիքի պահեստի, 11 հենակետերի և ուկրաինական զորքերի կենտրոնացման շրջանների մասին է։
Բացի այդ, հակաօդային պաշտպանության համակարգերը երկու անօդաչու թռչող սարք են խոցել օդում՝ Սևերոդոնեցկ քաղաքի մոտ։
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել են՝ 125 ինքնաթիռ, 91 ուղղաթիռ, 394 անօդաչու թռչող սարք, 226 զենիթահրթիռային համակարգ, 1948 տանկ և այլ զրահատեխնիկա, 212 բազմակի հրթիռային կայանք, 838 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1842 միավոր հատուկ ռազմական մեքենաներ, նշել է Կոնաշենկովը։