Հպարտորեն էր ծառայությունը կատարում, ասում էր՝ բանակը տղայի համար է. զոհված զինծառայողի ուսուցչուհի

Երեկ երեկոյան Վարդենիսի ուղղությամբ հնչած կրակոցների հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը Բյուրական գյուղից էր, նա տան ավագ որդին էր, իրենից փոքր երկու եղբար ուներ:

Այս մասին 24News-ին հայտնեց Բյուրականի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանը:

«Իրեն պատմություն եմ դասավանդել, շատ ընկերասեր, մարդասեր տղա էր, չնայած իր երիտասարդ տարիքին՝ շատ հայրենասեր էր: Նպատակ ուներ ծառայությունը ավարտելուց հետո ուսումը շարունակել: Շատ դժվար է իր մասին խոսել անցյալով, դժվար է նման երեխա կորցնել: Հրաչը հպարտորեն էր իր ծառայությունը կատարում, երբեք չի տրտնջացել,

միշտ ասում էր՝ ընկեր Մկրտչյան, ծառայությունը տղայի համար է, կծառայեմ՝ կգամ, բայց չկատարեց խոստումը»,- պատմեց ուսուցչուհին: