Հրաչը ոչ մի կռվից ընկճվող կամ վախեցող տղա չէր․ այսօր զոհված Հրաչ Փիլիպոսյանի մասին․ պատմում է համագյուղացին

«Իմ հիշողություններն իր հետ կապված շատ չեն։ Բայց շատ լավ հիշում եմ՝ ինչքան ակտիվ տղա էր, մեր կողքի դասարանում էր սովորում…միշտ դպրոցում պատմությունների մեջ էր ընկնում, հետո հպարտ-հպարտ գալիս էր դասարան։ Զգացվում էր, որ նա ընկճվող կամ վախեցող չի ոչ մի կռվից, վիճաբանությունից..․»,- MediaHub.am-ի հետ զրույցում պատմում է երեկ Գեղարքունիքի սահմանային հատվածում զոհված Հրաչ Փիլիպոսյանի համագյուղացիներից Գոհար Մկրտչյանը։

Գոհարը ճանաչել է նաև Հրաչի միջնեկ եղբորը․ «Որոշ ժամանակ մեր մեքենայով էր գալիս քաղաք, միշտ պատմում էր իր ու եղբոր «հերոսություններից»…, մի մատ էրեխեք էին, բայց աշխատում էին, ազնիվ տղերք էին. խելագարվելու աստիճան դաժան է ու անարդար»,- ասաց Գոհարը։

Համագյուղացիների խոսքով՝ երեկ գիշեր, ժամը մոտ 24:00-01:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի սահմանային հատվածում թեժ մարտեր են ընթացել, որի ընթացքում կիրառվել է տարբեր տեսակի զինտեխնիկա, այդ թվում ԱԹՍ, հրետանի. Հրաչ Փիլիպոսյանը զոհվել է արկի պայթյունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան թշնամին կրկին դիմել է սադրանքի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի սահմանային հատվածում՝ կիրառելով տարբեր տեսակի զինտեխնիկա, ինչի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող 19 ամյա Հրաչ Փիլիպոսյանը, կան նաև վիրավորներ։

Նշենք, որ տղայի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի եկեղեցում։

Մերի Գևորգյան