Սպանել են իրենց համակուրսեցուն, ապա հետքերը թաքցնելու համար մարմինը կախել պտտաձողից ու երկտող գրել․․․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում այսօր՝ մարտի 5-ին, հրապարակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավճիռը։ Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից ու հրապարակեց դրա եզրափակիչ մասը։ Իրավաբան․net-ը հայտնում է, որ նախագահող դատավորի հրապարակման համաձայն, ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները վերաորակվել են՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ հոդվածների փոխարեն՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։

Գնել Թևոսյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 15 տարի ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվեց 2015 թվականի հունվարի 29-ը։

Նորիկ Սահակյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 15 տարի ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվեց 2015 թվականի հունվարի 29-ը։

Վաչե Սահակյանը Քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով արդարացվեց՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Նա մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 15 տարի ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվեց 2015 թվականի հունվարի 29-ը։

Մովսես Ազարյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 15 տարի ժամկետով։ Պատժի կրման սկիզբը հաշվվեց 2015 թվականի հունվարի 30-ը։

Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվեց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Հայկազ Բարսեղյանի իրավահաջորդի՝ հոր՝ Արկադի Բարսեղյանի ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարվեց մասնակի և ամբաստանյալներից համապաչտության կարգով, հօգուտ տուժողի իրավահաջորդի, կբռնագանձվի 1,5 միլիոն դրամ, որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնաս։ Ամբաստանյալներից որպես դատական ծախս պետական բյուջե կբռնագանձվի 1 միլիոն 191 հազար 846 դրամ։ Դատավճիռն օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց, եթե չբողոքարկվի վերաքննիչ դատարանում։

Դատավոր Հարությունյանը նաև հայտարարեց, որ լրացուցիչ որոշում է կայացրել․ «Որով համապատասխան մարմինների ուշադրությունն է հրավիրել դատարանում քննության ժամանակ ի հայտ եկած՝ նախնական քննության՝ մինչդատական վարույթում տեղի ունեցած էական խախտումների վրա և լրացուցիչ որոշումը դատավճռի հետ միասին կուղարկվի խախտումը թույլ տված պաշտոնատար անձանց վերադասներին»։

Լրագրողների հետ զրույցում Հայկազ Բարսեղյանի հայրը նշեց, որ համաձայն չէ դատավճռի հետ։ «Մարդասպանին, ով անձամբ սպանել է իմ որդուն, վկաների ցուցմունքով դա Գնել Թևոսյանն է եղել, գոնե իրեն պետք է 20, 25 տարի կամ ցմահ ազատազրկեին։ Ո՞նց կլինի, ես չեմ հասկանում, սպանողին էլ 15 տարի տաս, ոտքը բռնողին էլ 15 տարի տաս։ Ես ընդհանրապես մտածում էի ու էդ դեպքոից հետո բոլորը մեզ ասում էին, որ խիստ պատիժ է բոլորի համար սահմանված, որ արդար դատավարություն է լինելու․ արդար դատավարությունն էլ տեսնում ենք, թե ոնց եղավ։ Ես նման բան չէի մտածում։

Ինձ միշտ ասում էին՝ պարոն Հարությունյանն այն դատավորն է, որ արդար վճիռ է կայացնելու, բայց սա անարդար վճիռ էր։ Ուզում եմ իմանամ՝ Հայաստանում էլ ի՞նչ ձևի հանցագործություն պիտի կատարվի, դաժան, որ դա արժանանա կամ ցմահ, կամ 20 տարի, կամ 25 տարի պատժի։ Դուրս է գալիս, որ նախկին ժամանակներին, որ վճիռներ կայացվել են՝ ցմահ դատապարտյալներ ունենք, որ սպանությունների համար դատվել են․ ավելի արդար է եղել, քան այս իշխանության օրոք»,-ասաց Արկադի Բարսեղյանը։ Նրա խոսքով ինքը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ես նույնիսկ ասացի՝ օրենք ընունենք, որ նման դեպքերում ամբողջ ընտանիքը համարվի դավաճանի ընտանիք, ասում է՝ որ ցմահ ենք տալիս ուրեմն դավաճան են էլի, ու՞րա էդ ցմահը։

Բա ասում են արդարություն, էս, էն, սա՞ է դատարանի արդար որոշումը, երբ դաժան մարդասպաններին բռնում ես․․․»,-ասաց նա։ Արկադի Բարսեղյանը նշեց, որ դատավճիռը կբողոքարկվի։

«7 տարիների ընթացքում ինձ հանգստացնեն, ասեն՝ նորմալ է լինելու, լավ է լինելու, մեկ էլ՝ հոպ․․․»,-ասաց սպանված կուրսանտի հայրը։ Նա նշում է, թե իրեն ասել են թե՝ երիտասարդ են, բայց իր որդին էլ 19 տարեկան էր, մի քանի ամիս էր ամբաստանյալներից մեծ։ «Ասում են՝ երիտասարդ են, իրենց կյանքը էդքան չխորտակենք, իրենք են իրենց կյանքը խորտակել, թե՛ իրենց ծնողների, թե՛ ընտանիքի, թե՛ իրենց կյանքի, իմն էլ հետը։ Դժոխքի վերածեցին ընտանիքս, ինչի՞ համար։ Հիմա կանգնած նայում են, թե ոնց եք հարցազրույց տալիս, ինչի՞ն, 7 տարի նստած ա, հեսա մի 7 տարի հետո էլ լավ կերած-խմած, բթված դուրս կգա, էլի կվայելի իր կյանքը, նույն ժառանգը կունենա, իսկ իմ երեխան չկա այս պահին ու նման անարդարացի որոշում»,-ասաց սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը։

Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Ըստ գործի նյութերի՝ սպանության օրը Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Վաչե Սահակյանը վերջինիս ծննդյան օրն են նշել և ալկոհոլ օգտագործել: Թեև Թևոսյանի արյան փորձանմուշում ալկոհոլ է եղել՝ նա պնդել է, որ նման բան չի եղել, ինքն ալկոհոլ չի օգտագործել: Գործի նյութերում նշվում է, որ սպանության գործով ամբաստայալները քննարկել են Հայկազ Բարսեղյանին պատուհանից ցած նետելու հարցը, ապա որոշել ինքնասպանության իմիտացիա ստեղծել և նրան տանել ու կախել սպորտհրապարակից: Ապա որոշվել է սպանվածի անունից երկտող գրել, կեղծել նրա ձեռագիրն ու նշել, որ որևէ մեկի չմեղադրեն իր մահվան մեջ: Ըստ մեղադրանքի՝ Գնել Թևոսյանը սպանությունից հետո վերադարձել է այն ննջարան, որտեղ քնելիս է եղել Հայկազ Բարսեղյանն ու այնտեղ գտնվող ծառայակիցներին սպառնացել, որ սենյակում տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: