Հրատապ.Քիչ առաջ ադրբեջանցիները ամրացրել են իրենց դիրքերը ու ․․․․

Ադրբեջանցիները Սև լճի տարածքում օրեցօր ամրացնում են իրենց դիրքերը՝ շարունակելով աքցանի մեջ պահել շրջակա գյուղերի բնակիչներին։ Խոզնավարից թշնամու առնվազն 7-8 դիրք տեսանելի է, իսկ թե այդ դիրքերից գյուղն ինչպես է դիտարկվում, պարզից էլ պարզ է։

«Իրենք 2021թ․ մայիսին ոնց եկել են, նույն տեղում են, հետ չեն քաշվել։ Խրամատներ են փորում, ճանապարհներ են սարքել դեպի իրենց դիրքերը։ Մենք չորս կողմից շրջապատված ենք, բոլոր չորս կողմերից։ Իրենց առնվազն 2-3 դիրքից գյուղն ամբողջությամբ դիտարկվում է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Խոզնավարի նախկին գյուղապետ Վարո Գրիգորյանը։

Խոզնավարից մինչև թշնամու դիրքեր, ինչպես գյուղի նախկին ղեկավարն է ասում, 600-800 մետր է, դեպի Գորիս տանող հիմնական ճանապարհից՝ 500 մետր։

Խոզնավարցիներն արդեն մեկ տարի է՝ այդ ճանապարհից չեն օգտվում։ 45 կմ-ոց ճանապարհի ընդամենը 4 կմ է անվտանգ, մյուս մասը դիտարկվում է թշնամու կողմից։

Գորիս հասնելու համար գյուղացիները ստիպված են սարերի միջով՝ դեռևս 90-ականներին բացված կիսաքանդ ճանապարհից են օգտվում։ Նախկին գյուղապետն ասում է՝ այդ այլընտրանքային ճանապարհը ևս թշնամին դիտարկում է, բայց գոնե կարճ է՝ 16 կմ է։

Ադրբեջանցիների՝ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելուց շուրջ մեկ տարի է անցել։ Նույնքան ժամանակ է՝ ինչ սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչներն անելանելի վիճակում են։ Անգամ խմելու ջրի ակունքն է թշնամուն հասանելի։

Խոզնավարում ապրուստի միակ միջոցն անասնապահությունն էր։ Շուրջ 70 տնտեսություն ունեցող գյուղում նախքան պատերազմը, Գրիգորյանի խոսքով, ավելի քան 1000 գլուխ անասուն կար, հիմա՝ ահագին կրճատվել է։ Ոչ արոտատեղի կա, ոչ՝ խոտհարք։ Խոշոր եղջերավոր անասունները մինչև հիմա գոմերում են։ Նախկին գյուղապետն ասում է՝ նախքան ադրբեջանցիների ներխուժումը հավաքած խոտն ինչքան կհերիքի, կհերիքի, թե հետո ինչ են անելու, գյուղացիներն էլ չգիտեն։

Հողագործությամբ գյուղում անհնար է զբաղվել։ Ինչպես Գրիգորյանն է պատկերավոր ներկայացնում, ավելի հեշտ է հողը քարից առանձնացնել, քան՝ քարը հողից․

«Տարածքը շատ նեղացել է, շատ։ Մեր տարածքում էլ չենք կարողանում արածացնել, քանի որ մեր գլխավերևում կանգնած են թուրքերը։ Մերոնք էլ են կանգնած, ճիշտ է, բայց դե, իրենք ամենաբարձր տեղերում են։Բոլոր բարձունքները զբաղեցրել են։ Չեմ իմանում ոնց են եկել էդտեղ զբաղեցրել։ Էդ տարածքները՝ Սև լիճը, հարակից տարածքները մերն են, բայց իրենց տիրապետության տակ են։ Շուրջ 250 հա արոտավայր են զբաղեցրել, 80 հա էլ՝ խոտհարք»։

Վտանգը, որ թշնամական դիրքերով օղակված և եկամտի աղբյուրից զրկված խոզնավարցիներն աստիճանաբար կհեռանան գյուղից, մեծ է։ Նախկին գյուղապետի խոսքով՝ 6-7 ընտանիք արդեն հեռացել է․ գյուղում զբաղվածության խնդիրը մոտակա ժամանակներս եթե չլուծվեց, մյուսներն էլ ստիպված կլինեն լքել հայրենի տները՝ այլ տեղում ապրուստի միջոց փնտրելու հույսով։

Գրիգորյանն, ամեն դեպքում, չի ուզում հավատալ, որ այդ օրը կգա։ Ստեղծված վիճակից դուրս գալու միակ ճիշտ ճանապարհը համազգային պայքարն է համարում։ Ասում է՝ ով ինձ հարցնում է, թե ինչ պիտի անենք, պատասխանում եմ՝ պիտի կռվենք, համախմբված, ազգովի պատերազմի դուրս գանք թշնամու դեմ․ այլ տարբերակ, ուղղակի, չկա։