Աշխարհում ամենահայտնի հնգյակ քույրերի ողբերգական ճակատագիրը. կյանքն ապակու հետևից

Այս արտասովոր հնգյակը, որի մասին է այսօր Positive-ի պատմությունը, ծնվել է 1934 թվականի մայիսի 28-ին։ Անետ, Էմիլի, Իվոն, Մարի և Սեսիլ Դիոնները աղքատ կանադացի ֆերմերի երեխաներն էին։ Ծնողների համար, որոնք արդեն երեք երեխա էին մեծացնում, հինգ նորածին աղջիկները շատ անսպասելի էին։

Երեխաները ծնվեցին հղիության յոթերորդ ամսում և ընդամենը 600 գրամ էին կշռում։ Ոչ ոք հույս չուներ, որ փոքրիկները ողջ կմնային։ Սակայն, ի զարմանս բոլորի, «հրաշալի հնգյակը» մահանալու մասին չէր էլ մտածում։

Նման ծննդաբերությունների մասին մարդիկ մինչ այդ էլ էին լսել, սակայն հենց Դիոն քույրերն էին աշխարհում առաջինը, որ բոլորով ողջ մնացին։

Տանը, որտեղ ծնվել էին աղջիկները, չկար ոչ էլեկտրականություն, ոչ կոյուղի։ Սկզբում նրանց երկու ժամը մեկ կաթի և ջրի հատուկ խառնուրդով էին կերակրում, որի մեջ եգիպտացորենի օշարակ և մի կաթիլ ռոմ էին ավելացնում։ Բժիշկներն ապշած էին, որ ծանր ծննդաբերությունից հետո ողջ էին մնացել թե մայրը, թե երեխաները։

Արտասովոր հնգյակի մասին լուրը արագ տարածվեց երկրով մեկ։ Երբ ծնողները վերջապես որոշեցին երեխաներին ցույց տալ աշխարհին, իշխանությունները նրանց ընդառաջ գնացին։ Հինգ քույրերի համար հատուկ տաղավար կառուցվեց։

Ամեն օր հազարավոր մարդիկ էին գալիս երեխաների վրա նայելու։ Փոքրիկները հատուկ վանդակի մեջ էին ապրում, որտեղ մշտապես գտնվում էին դայակների հսկողության տակ։ Աղջիկների նկարներով սուվենիրներները վաճառվում էին մեծ քանակությամբ։

Բնականաբար, երեխաների խնամքի և հագուստի վրա ոչինչ չէր խնայվում։ Աղջիկները հայտնվում էին ամենահայտնի բրենդերի գովազդներում։ Սակայն փոքրիկների կյանքը նորմալ անվանել չէր կարելի։

Նրանք երբեք հնարավորություն չունեին շփվելու իրենց հասակի երեխաների հետ։ Ավագ եղբայրներն ու քույրերը նրանց չէին ընդունում և նույնիսկ ծնողների հետ փոքրիկները շատ հազվադեպ էին հանդիպում։

Ավելի ուշ, երբ փոքրիկներն ինը տարեկան դարձան, նրանց ընտանիքի համար հատուկ տուն կառուցեցին։ Սակայն կյանքն այդ տանը քույրերի մոտ չհաջողվեց։ Մեծ երեխաները քույրերին սվիններով ընդունեցին, հայրը նույնպես չէր համակերպվում փոփոխությանը, իսկ փոքրիկ քույրերի համար էլ այս փոփոխությունը տհաճ էր։ Ահա թե ինչու, 16 տարեկանը լրանալուն պես, նրանց ինտերնատ ուղարկեցին։

Աղջիկների բոլոր ծննդյան տոները շքեղ տոնախմբության էին վերածվում։ Լրագրողներն ու ներդրողների ներկայացուցիչները միշտ մոտակայքում էին գտնվում, և քույրերը մեծանում էին՝ սովորական կյանքի համը չիմանալով, չկարողանալով ապրել առանց իրար։

Ըստ էության, փոքրիկներին ծննդյան առաջին իսկ տարիներից զրկել էին մանկությունից։ Մինչև չափահաս դառնալը կառավարությունն ու ծնողները նրանց վրա փող էին աշխատում։ Զարմանալի չէ, որ 18 տարեկանը լրանալուն պես նրանք խզեցին հարաբերություններն ընտանիքի հետ։

Էմիլին մենաստան գնաց, սակայն 20 տարեկանում մահացավ էպիլեպտիկ նոպայի արդյունքում։ 10 տարի անց սրտի նոպայից մահացավ Մարին։

Սեսիլն ու Անետը փորձում էին նորմալ կյանք վարել, ամուսնացան և երեխաներ ունեցան, սակայն ողջ կյանքում իրենց լավ էին զգում միայն, եթե իրար կողքի էին։ Իվոնը նույնպես փորձեց միանձնուհի դառնալ, սակայն մենաստանում չհարմարվեց։ Մնացած տարիները նա միայնության մեջ անցկացրեց։

2001 թվականին 67 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց Իվոնը։ Սեսիլն ու Անետը ողջ են մինչ օրս։ Երկուսն էլ ժամանակին բաժանվել են իրենց ամուսիններից և հիմա միասին են ապրում։

Մասնագետների կարծիքով՝ հնգյակի հոգեբանությունը խեղվել է մանկության տարիներին, որը նրանցից խլել են փողի հետևից ընկնելով։

1988 թվականին քույրերը պետությունից կարողացան դատական կարգով մոտ 3 միլիոն դոլար փոխհատուցում ստանալ՝ փշրված մանկության համար։ Սակայն փողը նրանց արդեն չէր կարող երջանկություն բերել։ Բացի այդ, ողջ մնացած քույրերը գրում էին այլ արտասովոր զույգերի ծնողներին՝ պատմելով նրանց իրենց երեխաների ավելորդ հայտնիության վտանգների ու հետևանքների մասին։

Դիոն քույրերը հույս ունեն, որ իրենց տխուր փորձը կպաշտպանի ուրիշներին նման ճակատագրի կրկնությունից։ Նման ճակատագիր նրանք իրենց թշնամուն էլ չեն կամենա։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին