9 ապշեցուցիչ նկարներ, որոնք արվել են թմրանյութի ազդեցության տակ գտնվող նկարչի կողմից

1950-ականներին ԱՄՆ կառավարությունը հոգեմետ դեղերի ազդեցությունն ուսումնասիրելու համար բազմաթիվ փորձեր էր անում։ Օրինակ՝ մարդկանց պարբերաբար տալիս էին LSD (դիետալիզմի լիզերգիկ թթու) տեսակի թմրամիջոցի հատուկ հաշվարկված չափաբաժիններ և հետևում նրանց դրսևորած հետագա վարքագծին։

Ավելի կոնկրետ՝ Կալիֆոռնիայի համալսարանում աշխատող հոգեբույժ Օսկար Ջենիգերն իր փորձերից մեկի ժամանակ մատիտներ տվեց մի նկարչի և հանձնարարեց նկարել։ Որոշ ժամանակ անց հոգեբույժը նկարչին LSD թմրամիջոցի մեկ չափաբաժին տվեց, ապա ժամանակ առ ժամանակ ավելացրեց չափաբաժինը։

Հետևյալ 9 լուսանկարներում կարող եք տեսնել, թե թմրանյութն ինչ ազդեցություն է ունեցել նկարչի ՝ տարածության ընկալումների և տեսողության վրա։

1․ LSD-ի 0,05 գրամ չափաբաժին ընդունելուց 20 րոպե անց

Բժիշկն արձանագրում է, որ վիճակը նորմալ է, թմրանյութը դեռևս չի ազդել։

2․ Առաջին անգամ տրված չափաբաժնից 85 և երկրորդ անգամ 0,05 գրամով ավելացված չափաբաժնից 20 րոպե անց։ Ընդհանուր՝ 0,1 գրամ LSD-ի ազդեցության տակ

Նկարչի մոտ ոգևորություն և ցնծություն է նկատվում։ Նա նշում է․ «Պարզ տեսնում եմ քեզ, շատ պարզ։ Սա․․․ Դու․․․ Ահա ամենը․․․ Մի քիչ դժվարանում եմ կառավարել մատիտը։ Կարծես այն ինքն իրեն է շարժվում»։

3․ Առաջին չափաբաժինն ընդունելուց 2 ժամ 30 րոպե անց

Նկարիչը կենտրոնացած է նկարելու վրա։ «Գծերը նորմալ են, բայց շատ արտահայտված են․ ամեն ինչի գույնը փոխվում է։ Ձեռքս պետք է հետևի հաստ գծերին։ Ինձ թվում է՝ ողջ գիտակցությունս կենտրոնացել է մարմնիս ակտիվ մասերի՝ ձեռքիս, արմունկիս և լեզվիս վրա»,- պատմում է նկարիչը։

4․ Առաջին չափաբաժնի ընդունումից 2 ժամ 32րոպե անց

Նկարիչն ամբողջովին կլանված է իր ձեռքի տակ եղած թղթով։ «Փորձում եմ մեկ այլ բան նկարել։ Ուրվագծերը նորմալ են, բայց կարծես իմ նկարածինը չեն։ Ձեռքիս արած ուրվագծերը տարօրինակ տեսք ունեն։ Լավ չեմ նկարել, չէ՞։ Հանձնվում եմ։ Լա՜վ, նորից կփորձեմ․․․»։

5․ Առաջին չափաբաժնի ընդունումից 2 ժամ 35 րոպե անց

Նկարիչն անմիջապես սկսում է նոր բան նկարել։ «Հիմա կնկարեմ ընդամենը մեկ գծով՝ առանց կանգի։ Ընդամենը մեկ գիծ՝ առանց մատիտը թղթից կտրելու»։ Ավարտելուց հետո նկարիչն սկսեց ծիծաղել, ապա, գետնին որևէ բան նկատելով, հանկարծակիի եկավ։

6․ Առաջին չափաբաժնի ընդունումից 2 ժամ 45 րոպե անց

Նկարիչը գրգռված, հուզական վիճակում է։ Դանդաղ է պատասխանում այն հարցին, թե արդյոք ցանկանում է էլի նկարել։ Կարծես համր դարձած լինի։ «Ես․․․ Ամեն ինչը․․․ Փոխվել է․․․ Նրանք կանչում են․․․ Քո դեմքը․․․ Միաձուլվել է․․․ Այդ ո՞վ է․․․»։ Նկարիչը մրթմրթալով սկսում է խոսել։ Մատիտի փոխարեն սկսում է օգտագործել տեմպերա ներկեր։

7․ Առաջին չափաբաժնի ընդունումից 4 ժամ 25 րոպե անց

Նկարիչը նահանջեց դեպի անկողինը, ուր երկու ժամ անցկացրեց։ Իսկ այդ ընթացքում ձեռքերով օդում տարօրինակ շարժումներ էր անում։ Ապա հանկարծակի վերադարձավ թղթի ու նկարչական պարագաների մոտ և որոշեց այս անգամ օգտագործել մատիտ և ջրաներկ։ «Սա իմ ամենալավ նկարն է լինելու՝ ինչպես առաջինը, դեռ ավելի լավը։ Եթե ուշադիր չլինեմ, կկորցնեմ ձեռքիս կառավարումը, բայց չեմ կորցնի, որովհետև ուղղակի գիտեմ, գիտեմ, որ չեմ կորցնի»։ Սենյակում վազվզելով նկարիչը ավարտեց նկարը։

8․ Առաջին չափաբաժնի ընդունումից 5 ժամ 45 րոպե անց

Նկարիչն անկանոն շարժումներով շարունակ պտտվում է սենյակով մեկ։ Մեկ ու կես ժամ անց նա նորից նստում է, որպեսզի նկարի։ Կարծես թմրանյութի ազդեցությունն անցնում է։ «Արդեն զգում եմ ծնկներս։ Ինձ թվում է՝ ամեն ինչ անցնում է։ Սա հիանալի նկար է, բայց լավ չեմ կարողանում մատիտը բռնել»։

9․ Առաջին չափաբաժնի ընդունումից 8 ժամ անց

Նկարիչը նստեց անկողնու վրա՝ նշելով, որ թույլ վիճակը գրեթե անցել է։ Վերջին անգամ նկարելու պահանջը նա կատարում է համարյա առանց խանդավառություն։ «Ոչինչ չեմ կարող ասել այս վերջին նկարիս մասին։ Այն վատն է, շատ անհետաքրքիր։ Հիմա տուն եմ ուզում գնալ»։