Ջեռոցում պատրաստված բանջարեղեն․ 3 տարբերակ ցանկացած ճաշակի համար

Ջեռոցում պատրաստված բանջարեղեն թերևս բոլորս ենք սիրում։ Այսօր Positive-ը ջեռոցում պատրաստվող բանջարեղենի մի քանի հեշտ և հետաքրքրիր բաղադրատոմս է առաջարկում։

Փայլաթիթեղի մեջ պատրաստված բանջարեղեն

Այս բաղադրատոմսը շատ հարմար է, եթե պատրաստվում ենք բանջարեղենը խյուսի վերածել;

Օրինակ․ փայլաթիթեղի մեջ պատրաստված դդում և գազար

Պետք է մաքրել դդումն ու գազարը, կարագ քսել, համեմունքներ անել և փաթաթել փայլաթիթեղի մեջ։ Եփել, մինչև որ կփափկեն և ջուր կթողնեն։ Դնել մաղի մեջ, մի քանի կաթիլ նարնջի հյութ ավելացնել կամ մի քանի գրամ նարնջի կեղևի քերուկ և խյուսի վերածել, որը կարելի է ինչպես որպես խավարտ տալ մսի կողքին, այնպես էլ օգտագործել որպես պիրոգի միջուկ։

Բանջարեղենով ջեռեփուկ

Սրա առավելությունն այն է, որ բանջարեղենը քաշում է մյուս բանջարեղենների համը, խառնվում են համեմունքները և յուրահատուկ ուտեստ է ստացվում։

Օրինակ, տոմատի մածուկով ջեռեփուկ

Մեզ անհրաժեշտ է․ 1 բուլղարական պղպեղ, 1 դդմիկ, 1 բադրիջան, 3 կարտոֆիլ, մի քիչ բուսայուղ և համեմունքներ ըստ ճաշակի, մի քանի գդալ տոմատի մածուկ և մի պճեղ սխտոր։

Սկզբի համար մաքրում ենք բանջարեղենը, կտրում են բարակ բայց լայն օղակներով և մարինացնում ենք։ Մարինադը պատրաստում ենք սխտորով, համեմունքներով և բուսայուղով։

Տաքացնում ենք ջեռոցը 180 աստիճան, ձևամանի մեջ կարագ ենք քսում։ Բանջարեղենը շրջանաձև շարում ենք՝ ծայրից դեպի կենտրոն, հերթով դնելով՝ կարտոֆիլը, պղպեղւ, բադրիջանը և դդմիկը։ Մի շրջան անում ենք, տոմատի մածուկ ենք քսում, ևս մի շրջան, նորից տոմատի մածուկ և այսպես, մինչև որ ամանը կլցվի։ Դնում ենք ջեռոցը այնքան, մինչև վերևից ոսկեգույն շերտ կառաջանա։ Մատուցել անպայման տաք վիճակում։

Լցոնած բանջարեղեն

Ջեռոցում պատրաստվող ևս մի տարբերակ է լցոնած բանջարեղենը՝ կարտոֆիլը սունկով և պանրով, պղպեղը պանիրներով և մսի կտորներով, դդմիկն ու բադրիջանը՝ վերը թվարկածներով։

Ահա մի օրինակ․ լցոնած բադրիջան

2 միջին չափսի բադրիջան, 10 գրամ մակարոն, սոյայի սոուս, 50 գրամ պինդ տեսակի պանիր, մի 2 գդալ տոմատի մածուկ, մի պճեղ սխտոր, համեմունքներ, բուսայուղ, կես բուլղարական պղպեղ։

Բադրիջանը երկու կես արեք և միջուկը հանեք։ Սոյայի սոուսը խառնեք բուսայուղի և սխտորի հետ։ Այս խառնուրդի մեջ մարինացրեք բադրիջանները։

Այդ ընթացքում եփեք մակարոնը, տոմատի մածուկը թավայի մեջ շոգեխաշեք մանր կտրատած բուլղարական պղպեղի հետ։ Համեմունքներ ավելացնել։ Պանիրը քերել, ավելացնել մակարոնին և այս ամենը խառնել իրար։

Բադրիջանները լցոնել այս միջուկով և եփել ջեռոցում 20 րոպե 180 աստիճանի տակ։

Ձվով և պանրով լցոնված պղպեղ

1 պղպեղի համար անհրաժեշտ է 2 ձու, համեմունքներ, մի քիչ բուսայուղ և 40 գրամ պանիր։

Պղպեղը երկու կես ենք անում և մաքրում ենք սերմերից ու երակներից։ Բոլոր կողմերից համեմունքներով խառնած բուսայուղ ենք քսում։ Կեսերից ամեն մեկի մեջ մի ամբողջական ձու ենք կոտրում։ Վրայից քերած պանիր ենք լցնում։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին