Ինչպես ազատվել անոթային աստղիկներից

Անոթային աստղիկները ոչ միայն կոսմետիկական արատ են, այլեւ կարող են լինել լուրջ հիվանդության ախտանիշ:

Ժամանակակից բժշկության պայմաններում անոթային աստղիկներ վերացնելը իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում, սակայն պետք է նաեւ պարզել դրանց առաջացման պատճառները եւ բուժել առաջին հերթին հիվանդության հնարավոր արտահայտությունները:

Անոթային աստղիկները կտրուկ լայնացած մազանոթներ են: Քիչ մազանոթների նման լայնացում կարող է հանդիպել բոլորիս մոտ, հատկապես կանանց մոտ` ծննդաբերելուց հետո: Մանրադիտակային հետազոտությունները ցույց են տվել, որ անոթային աստղիկները բաղկացած են հարյուրավոր լայնացած ու արյունով լի մազանոթներից, որոնցում տեղ են գտել նաեւ շատ ճարպագեղձեր ու մազային ֆոլեկուլներ:

Անոթային աստղիկները կարող են առաջանալ երակների լայնացման ժամանակ, անոթային պատերի տոնուսի խանգարման դեպքում, ինչպես նաեւ ժառանգական նախատրամադրվածություն կարող է լինել կամ էլ լյարդում նյութափոխանակության հետ կապված խնդիրների առաջացում: Դրանք ավելի հաճախ տեղակայված են մաշկի տակ, քան լորձաթաղանթի, աչքի ցանցենու կամ ներքին օրգանների վրա: Դեմքի վրայի կուտակված անոթային աստղիկներին անվանում են կուպերոզներ: Իհարկե, դրանք կարող են հանդիպել մարմնի այլ հատվածների վրա եւս, մասնավորապես` ոտքերի վրա:

Անոթային աստղիկներն ունենում են մուգ կարմիր, իսկ երբեմն էլ՝ կապտավուն գույն, ու մի քիչ բարձրացած են մաշկից: Լյարդի քրոնիկական հիվանդությունների դեպքում դեմքի կամ ձեռքերի մաշկի վրա առաջանում են սարդանման անոթներ: Երբեմն դրանց քանակն այնքան կարող է շատանալ, որ արդյունքում հնարավոր է առաջանա անոթային ուռուցք: Քանի որ անոթային աստղիկները կարող են մի քանի հիվանդության ախտանիշ լինել, այդ պատճառով ախտորոշման համար անհրաժեշտ է անցկացնել լրացուցիչ հետազոտություն:

Անոթային աստղիկների բուժման անհրաժեշտությունը ծագում է այն դեպքում, երբ դրանք հանդիսանում են արյունահոսությունների ու արյան զեղման պատճառ կամ պարզապես կոսմետիկական արատ: Եթե դրանք երակների լայնացման արդյունք են, այն բուժում են լազերաթերապիայի կամ սկլերոթերապիայի միջոցով:

Գոյություն ունի նաեւ բուժման այլ եղանակ, օրինակ` միկրոտոկային թերապիան: Վերջերս այս հիվանդության բուժման համար շատերն են դիմում օզոնաթերապիայի օգնությանը: Հնարավոր է, անոթային աստղիկները, բացի անհարմարությունից, նաեւ տգեղ են, բայց մինչ նման պրոցեդուրաների օգնությանը դիմելը առաջին հերթին պետք է մանրակրկիտ հետազոտվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին