Արցախի դեմ սանձազերծված պատերազմով պայմանավորված՝ System Of A Down-ը 15 տարվա դադարից հետո նոր երգեր է թողարկել

System Of A Down ռոք խումբը 15 տարվա դադարից հետո 2 նոր երգ է թողարկել հայրենիքի մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Մենք, որպես System Of A Down, 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երաժշտություն ենք թողարկել: Դա անելու ժամանակը հիմա է, քանի որ միասին՝ չորսով, չափազանց կարևոր բան ունենք ասելու՝ որպես միասնական ձայն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սերժ Թանկյանը՝ հայտնելով, որ ներկայացվող երկու՝ Protect The Land և Genocidal Humanoidz երգերը խոսում են մեր մշակութային հայրենիքների՝ Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող սարսափելի և լուրջ պատերազմի մասին։

Ընդգծվում է, որ Ալիևի և Էրդողանի կոռումպացված վարչակարգերը ոչ միայն ուզում են տիրանալ Արցախին ու Հայաստանին, այլև, օգտվելով այն բանից, որ աշխարհը չափազանց կենտրոնացած է COVID-ի, ընտրությունների և քաղաքացիական անկարգությունների վրա, իրենց նպատակին հասնելու համար ցեղասպանական գործողություններ են կատարում մարդկության և բնության հանդեպ:

«Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու մեր հողը, մեր մշակույթը և մեր ազգը: Աչք փակելու ժամանակը չէ»,-գրել է ամերիկահայ երաժիշտը՝ հայտնելով, որ երգերից գոյացած ողջ հասույթն ուղղելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Ըստ Թանկյանի՝ երաժշտությունն ու բառերն ինքնին խոսուն են, և հարկավոր է, որ աշխարհը խոսի Արցախի մասին։

Protect The Land և Genocidal Humanoidz երգերը՝ ստորև։