«Խանդում եմ, բայց ներքուստ ուրախ եմ ամուր կապի համար»․ Անահիտ Կիրակոսյանը՝ կրտսեր որդու 3-ամյակի, երեխաների դաստիարակության և նրանց համար ընկեր լինելու մասին

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի կրտսեր որդին՝ Մհերը, երեկ դարձել է 3 տարեկան։ Փոքրիկը խնջույք չի ունեցել, ծնողները նրա օրը կազմակերպել են քաղաքից դուրս։ Tert.am Life-ի հետ զրույցում Անահիտը խոսել է օրվա, Մհերի նախասիրությունների, խիստ մայրիկ չլինելու և երեխաների համար ընկեր լինելու մասին։

Անահիտի խոսքով՝ միայն որդու 1-ամյակն են նշել, որովհետև այդ օրը նաև մկրտել են նրան։ «Հիմա այն տարիքում է, երբ դեռ առանձնապես չի հասկանում ծննդյան օրվա խորհուրդը, չունի ձևավորված ընկերներ, ցանկություններ։ Փորձում ենք իր օրն այնպես կազմակերպել, որ ուրախ լինի, իրեն լավ զգա։ Անցած տարի գնացինք բնության գիրկ, այս տարի ևս։ Եղել ենք Դիլիջանում, Սևանում, ընտանիքով լավ ժամանակ անցկացրել։ Մհերը նույնիսկ տորթ չուներ, որովհետև տորթն իր համար հետաքրքիր չէ, իրեն դուր է գալիս մոմերը փչելու պահը։ Մեկ կտոր գաթայի վրա մոմ դրեցինք, Մհերը մոտ 40 անգամ փչեց մոմը։ Այնքան է սիրում մոմ փչելը, որ նույնիսկ օրեր առաջ, երբ լույս չունեինք և մոմ էինք վառել, մտածում էր, թե ծննդյան օրն է, փչում էր մոմը»,- պատմեց նա։

Ըստ մայրիկի՝ Մհերը շատ է սիրում երաժշտություն, քնում է հնչյունների տակ, օրորելու կարիք չունի։

«Մանկական երգեր է լսում, Լիդուշիկի երգերն է սիրում։ Սիրում է հաշվել, գույներ խաղալ, տան ցանկացած իր կարող է իր համար խաղալիք դարձնել։ Օրինակ, երբ խոհանոցում ինչ-որ բան եմ պատրաստում, կարող է խոհանոցային իրերի հետ խաղալ։ Վերցնում է նաև մանկական գրքերն ու ձևացնում, թե կարդում է, այդպիսի խաղ է խաղում, իր լեզվով բառեր ասում, փորձում ենք լեզուն բացել։ Մոտ 1,5 տարի է՝ մանկապարտեզ է հաճախում, շատ ակտիվ է, հետաքրքիր է, որ միջոցառումների օրերին ոչինչ չի անում, իսկ փորձերին լավ է հանդես գալիս։ Կարծում եմ՝ բեմի մարդ չի լինի, որովհետև բեմի մարդիկ լավ են հանդես գալիս հենց պատասխանատու օրը։ Դաստիարակները, երբեմն, տխրում են, ինքս դա ցավագին չեմ տանում, թեթև եմ նայում նման հարցերին, չեմ փորձում մտածել, որ իմ երեխան ամենից ամենան է»,- ասաց նա։

Դերասանուհին ընդգծեց, որ Մհերի և տան մեծ երեխաների հետ կապն ամուր է․ «Երբեմն մտածում եմ, որ երեխաներս Մհերին ինձնից շատ են սիրում, Մհերը բոլորի ուշադրության կենտրոնում է։ Երբ Հայկը ծնվեց, աղջիկներս 10, 11 տարեկան էին, իսկ Մհերի դեպքում արդեն հասուն էին, կարծես իրենց բալիկը լինի, մայրիկի պես խնամում են, խաղում։ Խանդում եմ, բայց ներքուստ ուրախ եմ նրանց ամուր կապի համար։ Մհերին նույնիսկ երկար շնորհավորանք չէի գրել, բայց Լաուրան ու Անուլն այնքան գեղեցիկ էին շնորհավորել։ Հայկի դեպքում էլ, կարծում եմ, տարիքային տարբերությունը շատ ճիշտ է։ Նա վայելեց իր մանկությունն ու հասավ այն տարիքին, երբ պատրաստ էր ընդունելու փոքր եղբորը, մանկական խանդ, կոնֆլիկտներ մեր տանը չեն եղել։ Որպես մեծ եղբայր՝ Մհերի հետ ամեն ինչով կիսվում է, խաղում նրա հետ»։

Նա նկատեց, որ Մհերը դեռ դժվար է խոսում, այնպիսի երեխա չէ, որ ասի՝ այս կամ այն բանն է ուզում։ «Անկեղծ ասած, Հայկն էլ պահանջկոտ չէ, եթե նույնիսկ ինչ-որ բան ուզում է, հարցնում է՝ կարելի՞ է։ Չեմ կարող ասել, որ հատուկ այդպես եմ դաստիարակել, երևի, տան մթնոլորտից, մեր տեսակից ճիշտ մոտեցման ձևը հասկացել են։ Մեր ընտանիքում ձևականություններն ընդունված չեն, ինչ հարկավոր է՝ կապված կրթության որակի, սննդի հետ, փորձում ենք ապահովել։ Թե՛ Մհերը, թե՛ Հայկը նաև հեռախոսներից կախվածություն չունեն, եթե ասեմ, որ հեռախոսը պետք է տան, հանգիստ կտան»,- ասաց նա։

Մայրիկը շեշտեց, որ երեխաների հետ մայրիկ-երեխա չոր հարաբերություններ չունի։ «Երեխաներիս համար ընկեր եմ։ Մի ընտանիքում ունենք 19, 17, 8 և 3 տարեկան երեխաներ, պետք է ամեն մեկի հետ գտնես իր շփման լեզուն։ Մհերի հետ խոսում եմ, ինձ հույս տալիս, որ հասկանում է, բայց, իրոք, հասկանում է։ Հայկի հետ կիսվում ենք, խոսում, նեղսրտած է լինում, պատմում է, բայց ես մայրիկի պես չեմ խառնվում, ուղղակի ուզում եմ հասկանալ նրան։ Խիստ մայրիկ չեմ, բայց կզայրանամ, եթե երեխաներն ինձ ստեն։ Իրենք այդ մասին գիտեն, ամենավատ բանն էլ կհասկանամ, բայց ոչ սուտը։ Հենց այդտեղից կարող է սկսել հարաբերությունների վատացումը»,- նշեց դերասանուհին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: