Ճապոնացի բժիշկն ասել է՝ ինչպես խուսափել երիտասարդ տարիքում ծերանալուց

Ծերացման զգացումը ազդարարում է անհրաժեշտ ֆիզիկական ակտիվության բացակայության մասին։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է պրոֆեսոր Հիրոսի Հիրաիձումին ճապոնական Nihon Keizai հրատարակությանը տված հարցազրույցում:

«Մարմնի գործառույթներն ապաակտիվանում են, հետևաբար մարդը սկսում է ծերանալ երիտասարդ տարիքում», – բացատրել է բժիշկը:

Ըստ նրա՝ այժմ հեռավար աշխատելու պատճառով շատերը կարող են անսպասելի ցավեր ունենալ մարմնում։

«Գոտկատեղից ուղղահայաց դեպի կոնքազդրային հոդի առջևի հատված գնացող մկանները, ինչպես նաև զստագոտկային մկանները կարծր են դառնում և ծանրաբեռնվածություն են առաջացնում մեջքի ստորին հատվածում», – պարզաբանել է պրոֆեսորը:

Մասնագետը խորհուրդ է տվել պարբերաբար ձգումներ կատարելով պայքարել մարմնի «ժանգոտման» դեմ: Նրա խոսքով՝ որոշ վարժություններ կարելի է անել ցանկացած սանդուղքի վրա. օրինակ՝ պարանոցի և ուսահոդի տաքացման համար օգտակար կլինի ուղիղ մեջքով թեքվել դեպի ճաղավանդակը, իսկ զստագոտկային մկանները հնարավոր է թուլացնել մի քանի աստիճան վերև դրված ոտքին հենվելով։

Ինչպես նշել է Հիրաիձումին, ցանկացած գործողություն սկսելուց առաջ մի քանի վարժություն կատարելը կբարելավի արյան շրջանառությունը և կակտիվացնի մկանների նյութափոխանակությունը, ինչն իր հերթին կօգնի դանդաղեցնել ծերացման գործընթացը: