Բացահայտվել է աշխարհում հանրաճանաչ դարձած զսպանակ-մազակապերի գաղտնիքը

Invisibobble ապրանքանիշի հիմնադիրը բացահայտել է աշխարհում հանրաճանաչ դարձած զսպանակ-մազակապերի ստեղծման գաղտնիքը: Պատմությունը հրապարակել է Daily Mail-ը:

Շվեյցարացի Սոֆի Թրելաս-Թվեդեն մազակապի նոր դիզայնը հորինել է 18 տարեկանում՝ համալսարանական երեկույթից հետո: Ըստ կանոնների, միջոցառմանն արգելված էր բացի հագուստից որևէ բան տանել և աղջիկը, մազերը փունջ հավաքելու համար, օգտագործել էր հեռախոսի լսափողի չօգտագործվող լարը:

Առավոտյան ուսանողուհին նկատել էր, որ արթնացել է առանց գլխացավի և մազերը խճճվելու, ինչը սովորաբար առաջանում էր սովորական մազակապերի օգտագործման դեպքում: Այս մասին նա պատմում է իր ընկերոջը, որը ներկայումս նրա բիզնես գործընկերն է, և զույգը սկսում է աշխատել մազակապի դիզայնի վրա:

Աղջկա խոսքով, Invisibobble ապրանքանիշի առաջին խմբաքանակը շատ անհաջող էր ստացվել, ինչը ծաղրանքի ու քննադատության առիթ էր դարձել շրջապատի կողմից:

Չնայած դրան, զույգը շարունակում է աշխատել հայտնագործության վրա: Ավելի ուշ նրանք փաթեթավորման համար ընտրում են թափանցիկ տուփ, որի մեջ երեք մազակապ էր դրված: Դրանք վաճառվում էին հինգ ֆունտով: Համալսարանն ավարտելիս Թրելաս-Թվեդեի ընկերությունն արդեն հինգ միլիոն ֆունտ շրջանառություն ուներ:

Այժմ Invisibobble ապրանքանիշը բացի զսպանակ-մազակապերից վարսերի համար նախատեսված բազմաթից այլ պարագաներ է արտադրում: Ապրանքանիշի տեսականին վաճառվում է ամբողջ աշխարհում՝ ապահովելով տարեկան 16 միլիոն ֆունտ եկամուտ: Ըստ Forbes ամսագրի, Սոֆի Թրելաս-Թվեդեն ընդգրկված է մինչև 30 տարեկան ամենահարուստ եվրոպացիների վարկանիշում: