«Ինձ պետք չէ, որ հետևորդներս բաց մարմնիս հաշվին ավելանան»․ Էմմա Սապունջյանը՝ նոր ֆոտոշարքի, իր համար ապրելու և քննադատությունների մասին

Դերասանուհի Էմմա Սապունջյանն օրերս նոր լուսանկարահանման է մասնակցել, որի կադրերը տրամադրել է Tert.am Life-ին և խոսել ֆոտոշարքի, կերպարների, բաց հագուստով չլուսանկարվելու, քննադատությունների մասին։

Էմմայի խոսքով՝ ֆոտոշարքի նախաձեռնողը լուսանկարիչ Նարեկ Ղազարյանն է եղել, որովհետև ընկերներ են, իրար վաղուց են ճանաչում։ «Միշտ ցանկացել ենք համագործակցել, բայց միշտ հիմնականում իմ պատճառով չի ստացվել։ Ոճն ընտրել են լուսանկարիչն ու իր կինը, մեկ օրվա ընթացքում 4 կերպար ենք լուսանկարել։ Մոտ 7-8 ժամ լուսանկարվել եմ, բայց չէի հոգնել, որովհետև ընթացքը հաճելի էր, լավ երաժշտություն էինք լսում։ Երկար ստացվեց, որովհետև մանրակրկիտ աշխատանք է արվել։ Կերպարները, հիմնականում, ինձ մոտ էին, որովհետև իմ հագուստով էի, թեման էլ ես էի ընտրել։ Կա կերպար, որը մի փոքր աբստրակտ ոճի մեջ է, աշխատել ենք նաև ստվերների հետ։ Շեշտը դրված է բնավորության, ոչ թե գեղեցիկ դեմքի, սեքսուալ կերպարի վրա, ցանկացել ենք հոգեբանական ներքին վիճակ ներկայացնել»,- ասաց նա։

Ըստ դերասանուհու՝ լուսանկարվելն իրեն հեշտ է տրվում․ «Մի այսպիսի խոսք կա՝ եթե սիրում ես լուսանկարվել, ուրեմն՝ լուսանկարներում գեղեցիկ ես ստացվում, եթե ոչ՝ հակառակը։ Ես համաձայն եմ, իմ լուսանկարների մեծ մասը միշտ հաջողված է, կարող եմ 3 նկար ունենալ ու դրանցից գտնել իմ ցանկացածը։ Լուսանկարվելիս ավել ջանք չեմ գործադրում, պարտադիր չէ, որ կադրն կատարյալ լինի»։

Էմման նկատեց, որ հիմա հաճախ են հանդես գալիս սեքսուալ ոճի լուսանկարներով, բայց ինքը նման լուսանկարներ չունի։ «Դրանց իմաստն էլ չեմ հասկանում։ Բաց հագուստով լուսանկարվելու գաղափարն ընդունում եմ որպես հետևորդներին գրավելու միջոց, ինձ պետք չէ, որ հետևորդներս բաց մարմնիս հաշվին ավելանան։ Այլ հարց է, երբ ինչ-որ բրենդ ես ներկայացնում և քեզնից դա են պահանջում։ Այս դեպքում ևս պետք է ամեն ինչ չափի մեջ անել։ Եվ հետո, կարելի է սեքսուալ լինել թեկուզ սպորտային հագուստով՝ առանց մարմինը բացելու»,- նշեց նա։


Դերասանուհին ընդգծեց, որ լուսանկարներում իր կերպարները, հիմնականում, խաղաղություն գտած կանայք են, դրանք խաղարկային չեն, ինքն այդպիսին է։

«Չեմ խաղում լուսանկարվելիս, իսկ հեռուստասերիալներում կերպարներս լրիվ այլ են, ավելի ուժեղ են, այնինչ իրականում ես այնքան էլ ուժեղ մարդ չեմ։ Հնարավոր է՝ մի քանի տարի առաջ ինձ համար բարդ լիներ ուժեղ կնոջ մարմնավորելը, բայց հիմա՝ ոչ, հաճույք եմ ստանում այդ գործընթացից։ Կյանքում ուժեղ չլինելն ինձ չի խանգարում, որովհետև պետք եղած դեպքում ուժեղ եմ դառնում։ Գուցե, մնացած դեպքերում ուժեղ չեմ, որովհետև կողքիս այնպիսի մարդիկ են, ովքեր իմ փոխարեն ուժեղ են լինում։ Թեև այնքան էլ ուժեղ չեմ, հիմա հեշտ չեմ խոցվում՝ համեմատած մի քանի տարի առաջվա հետ։ Նախկինում կարող էի թեթևակի հայացքից նեղսրտել, իսկ հիմա թեկուզ ինչ-որ մեկն ինձնից նեղանա, իր խնդիրն է, եթե ես նրան նեղացնելու միտում չեմ ունեցել։ Տարիքի հետ սկսում ես ապրել քեզ համար, ոչ թե ուրիշների»,- ասաց դերասանուհին։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: